Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ելանք շոշ»

«Ելանք շոշ»
21.11.2014 | 11:55

Ըստ հուշագիրներից մեկի (անունը հիշելն այնքան էլ կարևոր չէ)` արտահայտությունն Ավետիք Իսահակյանին է պատկանում: Բանը եղել է այսպես։ Մի քանի երիտասարդ գրողներով որոշել են պատվել Վարպետին ու քաղաքից դուրս հրավիրել են քեֆի: Արվող պատմության մեջ ամենայն մանրամասնությամբ բոլորը կան՝ բացի Վարպետից, ումից միակ հիշատակությունը հենց այդ «ելանք շոշ»-ն է, որ մեծանուն գրողն արել է մայրուղի դուրս գալուց հետո: Բան չունեմ ասելու՝ դարակազմիկ հիշատակություն է, որը հուշագիրը որոշել է ի պահ հանձնել սերունդներին՝ ի վկայություն վարպետի հետ սեղան նստած լինելու փաստի:
Գնանք առաջ:
Պորտուգալիայի ընտրանու հետ մեր հավաքականի խաղից հետո ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը շտապեց մամլո ասուլիս ունենալ` փորձելով պատասխանել կուտակված հարցերին: ՈՒրիշ բան, որ դրանք շատ բաներում տրամաբանորեն իրար չէին ագուցվում ու երկակի զգացողությունների տեղիք էին տալիս: Ամենակարևորը` մարդը բարկացած էր ու այնքան բարկացած, որ խաղից հետո Շալանդին չի էլ զանգել: Եվ այդուհանդերձ, ըստ ասուլիսում արտազատված մտքերի, Ռուբեն Հայրապետյանը գոհ է Շալանդից, թեպետ այնքան էլ գոհ չէ, մարզչի աշխատանքներին չի խառնվում, բայց նրան ցուցել է Արտակ Դաշյանին հավաքական չհրավիրել և այլն, և այլն: Հանդուրժելի տրամաբանության տեսակետից այս ամենի մեջ, բնականաբար, պարսավելի ոչինչ չկա, սովորական աշխատանքային մտքեր են` մի քիչ տաք, մի քիչ սառը գլխով արված, որտեղ մարդկանց ճակատագրեր լուծելու հաճույքն էլ է սպրդում մեկ-մեկ: Բա ի՞նչ էիք ուզում` մարդը սովորական մարդ չէ, մի ամբողջ Հայաստանի նույնքան ամբողջ ֆեդերացիայի նախագահ է, չասի՞, որ Շալանդին կարող է գործից հանել, սակայն չի հանում, քանի որ շվեյցարացին վստահության ռեսուրսն ամբողջությամբ չի սպառել, տակը մի երկու կաթիլ թողել է:
Կրկնում եմ` այս ամենը նորմալ է առանձնապես հոդաբաշխ մտքեր արտադրելու ունակությունից զրկված, սակայն պետական, հասարակական նշանակության պաշտոնների գլխին կանգնած հայ նույնքան պետական, հասարակական տրամաչափի մյուս չինովնիկների ասածների համեմատությամբ, եթե չասենք, ավելին: Սակայն ինձ անհանգստացնողն ուրիշ բան է. դարձյալ հայի ու հայկականության թեմայի արծարծումը մեր ֆուտբոլում: Բոլորդ հարկավ գիտեք, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի հրամցմամբ Դենիս Թումանյանը ժամանակ առաջ հայ չէր, որովհետև Հայաստանի ընտրանիում հանդես գալու առաջարկը մերժել էր: Ես ստույգ չգիտեմ` ֆուտբոլիստին իր ազգային պատկանելության վերաբերյալ միտքը հասե՞լ էր, թե՞ չէր հասել, հասել էր` հայտնված մի՞տքն էր արհամարհել, թե՞ չէր հասել` լռել էր:
Այս վերջին ասուլիսով հերթական անգամ գոհարվեց այն միտքը, որ հայի ազգանուն ունեցող ամեն մեկը չէ, որ հայ է: Սա երևի թե նույնքան տրամաբանական է, որքան անտրամաբանական է, ինչ-որ մեկի մականունը հիմք ունենալով, նրան այլ ազգի ներկայացուցիչ համարելը: Բայց որ ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը հիմք ունենալով` մեջտեղ է բերվում «Պորշ» մեքենա ունենալու Արթուր Մալոյանի պատմությունը, դրան հետևում է երիտասարդ տղայի արձագանքն այդ պատմությանը տրված «զառանցանք» որակումով, սրան էլ հետևում է ֆուտբոլի ֆեդերացիայի ջանադիր պաշտոնական կայքի «Բայց, ինչպես տեսնում եք, նույնիսկ բավարարած զառանցանքը` խոստացված «Պորշը», այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել» մահացու դիմադարձումով ու ազդու զգուշացմամբ, որ «Այլ մանրամասներ այս պահին չենք բացահայտում, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա», ակամայից այլ բաների մասին ես սկսում մտածել ու դրանց մեջ առաջինն այն, որ եթե զառանցանք էր երիտասարդի պահանջածը, ֆուտբոլի ֆեդերացիան, ի՞նչ է, զառանցանք բավարարող կազմակերպությո՞ւն է: Լավ, եթե նույնիսկ մարդը ղալաթ է արել ու նման բան է ասել, արժե՞ր դրան պատասխանել, արժե՞ր սեփական տան աղբը տղայամտորեն դուրս հանել, հանրայնանալ, միջազգայնանալ, ի մասնավորի ընկնել ռուսական մամուլի բերան: Իսկ գուցե նպատակը հենց դա՞ էր: Էդ ինչո՞ւ ձիու տակ ընկնելու գնով չեխովյան հերոսը կարող է պատմության մաս դառնալ, իսկ մերոնք չեն կարող:
Հիմա տեսա՞ք, որ, վարպետի ասածի պես, ելանք շոշ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, ռուսական մամուլի վկայմամբ, ակումբներից մեկը ժամանակին իր ֆուտբոլիստին փոխել է մի պարկ կարտոֆիլով:

Դիտվել է՝ 883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ